Դիպլոմային աշխատանք

              Իրավիճակային երկխոսությունները ու դերախաղերը որպես      նախադպրոցականի խոսքի և սոցիալական
հմտությունների զարգացման միջոց :

 

      Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական քոլեջ

Թեմա ՝ Իրավիճակային երկխոսությունները ու դերախաղերը որպես                           նախադպրոցականի խոսքի և սոցիալական հմտությունների զարգացման միջոց :

Ուսանող՝ Քրիստինե Սահակյան
Ղեկավար՝ Արմինե Մովսիսյան

                                                  ԵՐԵՎԱՆ 2020

 

                                  ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1․ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

1.1 Երկխոսությունը՝ որպես սոցիալական հմտությունների ձևավորման միջոց
1.2 Երկխոսությունը՝  խոսքային հմտությունների ձևավորման միջոց
1.3 Իրավիճակային երկխոսությունը՝ որպես կողմնորոշում

ԳԼՈՒԽ 2․ ԴԵՐԱԽԱՂԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ և ԽՈՍՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ 

2.1 Խաղ-դերախաղը՝ որպես համադրական գործունեություն
2.2 Դերախաղը՝ որպես անհատի ձևավորում : Խաղ և երևակայություն
2.3 Դերախաղը՝ որպես միջանձնային հարաբերությունների ձևավորման միջոց
2.4 Խաղից թատրոն՝  մեկ քայլով

ԳԼՈՒԽ 3․  ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍ

3.1 Ես եմ՝ իմ ստեղծած թատրոնը
3.2 Վերնագրային կաղապար

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

Ըստ արտաբերման եղանակի` խոսքը լինում է երկու տեսակ՝ բանավոր և գրավոր: Բանավոր խոսքն աչքի է ընկնում իր անմիջականությամբ, կենդանությամբ, որը գրավոր խոսքի համեմատ անմշակ է, ավելի ենթակա վրիպումների, բայց գրավորի նկատմամբ ավելի հարուստ է հնչերանգի տվյալներով և ունի առոգանական հագեցվածություն: Բանավոր խոսքն անմիջապես ուղղված է ունկնդրին: Ըստ արտահայտման ձևի` խոսքը լինում է մենախոսություն և երկխոսություն: Մենախոսություն են համարվում  գիտական ուսումնասիրությունները, ճառերը, զեկուցագրերը, բանաստեղծությունները, իսկ երկխոսությունը կենդանի, շարժուն խոսքն է : Այն լեզվի հաղորդակցման ֆունկցիայի վառ դրսևորում է : Հիմնական առանձնահատկությունը խոսքի շարունակելն ու ընդհատելն է, լսելը, արտահայտվելը: Կարևոր է այն,որ զրուցակիցները իմանան` ինչի մասին է խոսքը ,շփվեն  միմիկայի ,ժեստերի,ինտոնացիայի միջոցով :Դրանից է բխում դերային խաղի կարևորությունը երկխոսության զարգացման համար:Սոցիալական տեսանկյունից ստեղծվում  են  նպաստավոր պայմնաններ : Եվ քանի որ դիալոգ խոսքը սոցիալական փոխներգործության բարդ ձև է, այն պահանջում է լսել, ճիշտ ընկալել ասածը, ինքնուրույն պատասխանել: Դիալոգ խոսքի զարգացման պայմաններից մեկը խոսքային միջավայրի ստեղծումն է` երեխա-երեխա, մեծահասակ-երեխա փոխներգործության ձևով: Հիմնական մեթոդը դաստիարակի ոչ նախապատրաստված զրույցն է երեխայի հետ: Դաստիարակը պետք է հաշվի առնի երեխաների տարիքային, անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները, զարգացման մակարդակը, պահանջմունքները:  Դաստիարակ-երեխա զրույցը կայանում  և ունենում է մանկավարժական արժեք միայն այն դեպքում, երբ գործում է դաստիարակի և երեխայի փոխգործունություն անձնային, կողմնորոշիչ մոդելով,երբ տիրում է հուզական, բարյացակամ մթնոլորտ, վստահելի միջավայր: Դաստիարակը կարող է երեխայի հետ զրուցել օրվա ցանկացած ժամին, ցանկացած թեմայի շուրջ: Երկոսության միջոցով լուծվում են մի շարք խնդիրներ` ճիշտ խոսքի, երկխոսության ունակության ձևավորում: Զրույցը կարող է լինել անհատական և խմբային, ընդ որում զբոսանքը խմբային զրույցի ամենալավ պահն է: Երկոսությունը պետք է լինի երեխային հասանելի, հետաքրքիր, օգտակար, թեմատիկան որոշվի դաստիարակության խնդիրներով: Ավագ նախադպրոցական տարիքում դիալոգ խոսքի զարգացման համար մեծ նշանակություն ունի համատեղ գործունեությունը, որտեղ առաջ են գալիս քննարկման, համաձայնության գալու, գնահատման խնդիրներ: Կարևոր է երեխայի ակտիվությունն ու նախաձեռնությունը:  Խաղը, զրույց-քննարկումները, հատուկ կազմակերպված խոսքայի իրավիճակները՝դերախաղեր,խաղերը նպաստում են երկխոսության զարգացմանը:
Սույն աշխատանքի նպատակն է ՝

 

  • բացահայտել նախադպրոցական երեխային խոսքային հմտությունները, ուսումնասիրել դրանց առանձնահատկությունները
  • դիտարկել երկխոսությունը` որպես սոցիալական շփման միջոց
  • կարևորել երկխոսության դերը նախադպրոցական երեխայի շփման, հաղորդակցման դաշտում
  • դիտարկել խոսքը,երկխոսությունը՝ որպես  իրավիճակային կողմնորոշում
  • դիտարկել դերախաղի նշանակությունը երեխայի ինքնաարտահայտման համակարգում
  • ուսումնասիրել և բացահայտել խաղի դերն ու նշանակությունը
  • դիտարկել խաղը,դերախաղը՝  որպես սոցիալական ձևավորման միջոց

Աշխատությունը բաղկացած  է բովանդակությունից, ներածությունից, հիմնական  գլուխներից, գործանական  մասից,  եզրակացությունից և գրականության ցանկից։

  Գլուխ 1․ Իրավիճակային երկխոսություն
  Այս գլխում ուսումնասիրել ենք երկխոսությունը նախադպրոցականի խոսքի և սոցիալական հմտությունների զարգացման համակարգում։

  1.1 Երկխոսությունը՝ որպես սոցիալական հմտությունների ձևավորման միջոց
Դիտարկել ենք երկխոսությունը՝  որպես սոցիալական հմտությունների ձևավորման միջոց:

1.2 Երկխոսությունը՝  խոսքային հմտությունների ձևավորման միջոց
Դիտարկել ենք  երկխոսության դրսևորման առանձնահատկությունները  խոսքային հմտությունների ձևավորման համակարգում։

1.3 Իրավիճակայի երկխոսությունը որպես կողմնորոշում
Ուսումնասիրելով  երկխոսությունը  սոցիալական և խոսքային հմտությունների ձևավորման տեսանկյունից՝  ներկայացրել ենք իրավիճակային երկխոսությունը՝  որպես կոմնորոշում ։

Գլուխ 2․ Դերախաղը սոցիալական և խոսքային հմտությունների զարգացման հարթակում
    Ուսումնասիրել ենք խաղի դերն ու նշանակությունը, խաղ-դերախաղ փոխադարձ կապերը, դրսևորման առանձնահատկությունները միջանձնային հարաբերությունների ձևավորման հարթակում։

2.1 Խաղ-դերախաղը՝  որպես համադրական  գործունեություն
    Ուսումնասիրել ենք խաղը և դերախաղը՝ դիտարկելով դրանք փոխադարձ ազդեցությունների համակարգում։

2.2 Դերախաղը՝ որպես անհատի ձևավորում : Խաղ և երևակայություն
    Դիտարկել ենք դերախաղերը   անհատի ձևավորման վրա ունեցած ազդեցությունների տեսանկյունից։ Քննել  ենք խաղը  և երևակայությունը՝ որպես միմյանց փոխպայմանավորող գործոններ։

2.3 Դերախաղը՝  որպես միջանձնային հարաբերությունների ձևավորման միջոց
Ներկայացրել ենք դերախաղը սոցիալական հարաբերությունների ձևավորման տեսանկյունից։

2.4 Խաղից թատրոն՝  մեկ քայլով
Դիտարկել ենք երեխայի խաղը և թատրոնը՝   որպես միմյանց փոխկապակցված գործոններ։

  Գլուխ 3. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍ
Ներկայացված են երեխաների հետ կատարած համատեղ  աշխատանքի արդյունքերը՝ համապատասախան ստորև նշված բովանդակային տարրերի․

3.1 Ես եմ՝ իմ ստեղծած թատրոնը
3.2 Վերնագրային կաղապար

    Եզրակացություն
Ներկայացրել ենք այդ դիտարկումները, որոնց հանգել ենք սույն աշխատության ուզսումնասիրմամբ։

    Գրականության ցանկ
Ներկայացրել ենք ուսումնասիրված գրականության ցանկը։

 

ԳԼՈՒԽ 1․ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ 

1.1  Երկխոսությունը՝ որպես սոցիալական հմտությունների ձևավորման միջոց 

Սոցիալական առաջին օղակը, որում հայտնվում է երեխան, իր ընտանիքն է:  Ընտանիքում են հենց դրվում խոսքի զարգացման  առաջին հիմնաքարերը: Երեխայի մայրը դեռ նորածին մանկիկի հետ մտնում է երկխոսության դաշտ առանց լեզվի` հայացքով և միմիկայով: Իսկ երբ աստիճանաբար զարգանում է երեխայի պասիվ խոսքը, ընտանիքի անդամները դառնում են երեխայի հետ երկոսություն վարողները: Նրանք դառնում են երեխայի թոթովանքը հասկացող և երեխային հարմար լեզվով արձագանքող  մարդիկ, ու երեխան  արձագանքում է այդ ամենին: Նա հեշտությամբ երխոսության մեջ է մտնում իր ընտանիքի անդամների հետ: Հետագայում երեխայի սոցիալական շրջանակը ընդլայնվում է ՝հասակակիցներ, ընկերներ,մանկապարտեզ և այլն:
Երեխայի խոսքը ձևավորվում է սոցիալական միջավայրում ապրելու պայմաններում: Երեխան, արդեն ունենալով շփման մեծ շրջանակ, սկսում է զրույցի բռնվել արդեն ոչ միայն ընտանքի կամ իրեն ծանոթ  հարազատների հետ: Հասարակության մուտք գործելու և հարմարվելու ճանապարհին հնարավոր են բազմաբնույթ դժվարություններ, որոնց կանխարգելմանն ու հաղթահարմանը կարող է նպաստել մեծահասակների (ծնող, դաստիարակ, մանկավարժ) գրագետ ազդեցությունը: Հատկապես այս պարագայում կարևոր է մեր ներդրումը, քանի որ երեխան օրվա նշանակալից մասը անցկացնում է մեզ հետ :Այդ է պատճառը,որ անչափ կարևոր է նախադպրոցականի սոցիալական զարգացման նշված առանձնահատկությունների իմացությունը
Նախադպրոցական տարիքում սոցիալական փորձը ձեռք է բերվում տվյալ հասարակության նորմերին, կանոններին ծանոթանալու և հարմարվելու հետ մեկտեղ: Ընդունված վարքագծային նմուշների յուրացման ընթացքում հնարավոր են մեծահասակների կողմից անընդունելի, սակայն երեխայի տարիքին բնորոշ յուրահատուկ դրսևորումներ, որոնց բացասական գնահատումը կարող է խաթարել երեխայի սոցիալական զարգացման բնական ընթացքը: Սոցիալական զարգացումը,  նախադպրոցական տարիքից սկսած, ոչ միայն սոցիալական փորձի յուրացման, այլև վերափոխման գործընթաց է, հետևաբար, այն չի կարող ընթանալ մեծահասակի կողմից նախանշված ուղիով: Այն  նույնիսկ  կարող է խեղվել մեծահասակների ճնշող ներգործությունից:  Խոսելով նախադպրոցականի սոցիալական զարգացման փուլերի և մեծահասակներին ներկայացվող պահանջների մասին`  հարկ է նշել, որ այս տարիքում երեխաների սոցիալական զարգացումը սերտորեն կապված է հուզազգացմունքային ոլորտի զարգացման հետ: Հուզական զարգացումը նախադպրոցական տարիքում ուղղված է ավագ նախադպրոցականի մեջ հասարակական հույզերի և զգացմունքների ձևավորմանը, որոնք հասարակական գործունեության, հասարակության օգտին գործելու հիմնական դրդապատճառներն են:   Հուզազգացմունքայնությունն իրենից ենթադրում է դրական հույզերի և զգացմունքների ձևավորում, ուրիշին կարեկցելու, գթալու, ուրիշի հետ բանակցելու և, որ շատ կարևոր է, ապրումակցելու (էմպաթիայի) կարողության ձևավորում: Ժամանակակից նախադպրոցական մանկավարժությունը շեշտադրված կարևորում է երեխայի սոցիալական հասունացման գործընթացը, որի արդյունքում ձեռք են բերվում  հասարակության կայացման համար անհրաժեշտ անձնային հատկություններ՝ ազատ հաղորդակցվելու և համագործակցվելու, ինքնուրույն ընտրելու և պատասխանատու որոշումներ կայացնելու, արձագանքելու և կարեկցելու: Անձնային հատկությունների ձեռքբերման հետ մեկտեղ՝ երեխաների մեջ ձևավորում են սեփական գործողությունները համադրելու և օբյեկտիվ գնահատելու ունակություններ, որոնք օգնում են նրանց վստահ փոխհարաբերվել հասարակության հետ: Փորձից ելնելով` կարող եմ ասել ,որ այն երեխաները, ովքեր շփման մեջ առավել ազատ են, ազատ են ու բաց նաև ուսման ու նորը սովորելու գործընթացում: Իսկ դաստիարակի կողմից կազմակերպված սոցիալական զարգացումը նախադպրոցական տարիքում ուղղված է սոցիալական հմտությունների ձևավորմանը, որոնք երեխային դարձնում են սոցիալապես հասուն, սեփական ուժերի մեջ վստահ, օգնում են կողմնորոշվել սոցիալական միջավայրում , հարաբերություններ հաստատել մեծահասակների և հասակակիցների հետ:Այս ուղղության մտածողների ուշադրության կենտրոնում նախադպրոցականի սոցիալիզացիայի, նրա կողմից սոցիալական դերերի և նորմերի յուրացման, սոցիալական դիրքորոշումների և արժեքային կողմնորոշումների ձեռքբերման գործընթացների ուսումնասիրությունն է:  Ի.Ա.Զիմնյայան , վերլուծելով լեզուն և խոսքը , պայմանականորեն այն բաժանել են երեք խմբի .

  1. սոցիալական `հաղորդակցումը որպես սոցիալական ներգործության միջոց , հասարակական պատմական փորձի յուրացումը, շփումը մշակութային պատմական արժեքների հետ:  Ընդհանրացնելով նշենք, որ լեզուն սոցիալական կապերի և անձնավորության, սոցիալական զարգացման միջոց է։
  2. ինտելեկտուալ ` լեզուն իրականացնում է մարդու ինտելեկտուալ ֆունկցիաները՝ հանդիսանալով մարդու մտավոր զարգացման կարևոր գործոն :
  3. անձնային ` խոսքը ունի անձնային բնույթ, մարդը գիտակցում է սեփական ես-ը և ինքնակառավարվում ։

1.2 Երկխոսությունը՝   խոսքային հմտությունների ձևավորման միջոց

Հաղորդակցությունը և երկխոսությունը մարդկանց համար հանդիսանում են ներկայանալու միջոցներ, իսկ երկխոսության էությունը մարդկանց միջև հաղորդակցման ապահովումն է։ Նախադպրոցական հասակում երեխան ինտենսիվ կերպով տիրապետում է խոսքին  և դրա միջոցով կիսվում է իր տպավորություններով: Այս տարիքում խոսքի զարգացումը ընթանում է մի քանի ուղղությամբ`

  • կատարելագործվում է դրա գործնական կիրառությունը այլ մարդկանց հետ շփման ժամանակ
  • այն դառնում է հոգեկան գործընթացների վերակառուցման հիմք, մտածողության գործիք
  • զգալիորեն ընդլայնվում է երեխայի բառապաշարը
  • ընկալվում է մայրենի լեզվի ձևաբանական կառուցվածքը, զարգանում է խոսքի իմաստավորումը:

Այս տարիքում զարգացած է խոսքի հաղորդակցման գործառույթը, այսինքն` երեխան խոսքն օգտագործում է որպես շփման միջոց: Աստիճանաբար երեխայի խոսքը դառնում է պրակտիկ վարքը ղեկավարելու և պլանավորելու միջոց:   Նախադպրոցական տարիքի երեխաների կապակցված խոսքի մշակումը հիմնականում տեղի է ունենում երկխոսության և մենախոսության ուսուցման շնորհիվ։ Երկխոսության համար կարևոր է դաստիարակի և երեխայի շփումը։ Նախադպրացական տարիքում կապակցված խոսքի զարգացումը տեղի է ունենում աստիճանաբար։ Երկխոսության մշակումը երեխայի հաղորդակցման անհրաժեշտ ունակությունների զարգացման նպատակ ունի։ Երկխոսության մեջ մտնելը պահանջում է այնպիսի բարդ կարողություններ, ինչպիսիք են   լսել և ճիշտ հասկանալ զրուցակցի արտահայտած մտքերը և այլն: Նախադպրոցական հաստատություններում մայենի լեզվի և խոսքի զարգացման պարապմունքների հիմնական նպատակը երեխաների՝ բանավոր խոսքի ձևավորման և հղկման միջոցով շփման կարողության ընդլայնումն է շրջապատի հետ։     Ժամանակակից մեթոդիկայում խոսքի զարգացման աշխատանքները իրականացվում են հաշվի առնելով երեխայի անհատական և տարիքային առանձնահատկությունները:  Դա կատարվում է հենվելով չափորոշիչների վրա, անպայման` ըստ տարիքային առանձնահատկության:  Նախ մի փոքր խոսենք այն մասին ,թե խոսքայի հմտություններ ձևավորելու համար ինչ խնդիրներ ունի իրականացնելու «Խոսքի զարգացման մեթոդիկան»:  Ինչպես արդեն ասվել է, երեխայի` մայրենի լեզվի ուսուցման և խոսքի զարգացման հիմնական նպատակը շրջապատի հետ խոսքային հաղորդակցման ունակությունների ձևավորումն ու բանավոր խոսքի զարգացումն է   ժողովրդի գրական լեզվի յուրացման հիմքի վրա: Իսկ խոսքի զարգացման հիմնական խնդիրներն են ճիշտ արտահայտվելու կարողությունը, բանավոր խոսքի հարուստ բովանդակությունը: Խոսքի լիարժեք զարգացումը դիտվում է որպես խոսքի ճիշտ արտահայտման ունակությունների և կարողությունների ձևավորում, լեզվական միավորների տեղին և ազատ օգտագործում,խոսքի մշակույթի կանոնների պահպանում:
Երեխայի խոսքի զարգացման խնդիրներն են`

  • բառապաշարի զարգացում և ամրապնդում (երկխոսության ժամանակ երեխան շատ արագ է սերտում մեծահասակի կողմից օգտագործված բառերը)
  • խոսքի հնչյունային համակարգի ձևավորում (բացի պարապմունքներից, երեխան նաև երկխոսության և մեծահասակի խոսքի հնչյունային տեմբրն է արագ ընդօրինակում)
  • խոսքի քերականական կողմի ձևավորում (սա հիմնականում երեխայի կողմից ընկալվում է անգիտակցորեն)
  • կապակցված խոսքի ձևավորում ` երկխոսության և մենախոսության ձևավորում (այս խնդիրն էլ հենց այս ուսումնասիրության գլխավոր թեման է)
  • գեղարվեստական գրականության հետ ծանոթացում, ուսումնասիրում
  • խոսքի և լեզվի տարրական երևույթների գիտակցում։

Այժմ անդրադառնանք հետևյալ կետին՝ կապակցված խոսքի ձևավորումը երկխոսության միջոցով: Հարկ է նշել ,որ նախադպրոցական տարիքում վերոնշյալ խնդիրները իրականցվում են տարբեր գործունեությունների ընթացում: Սեփական փորձից ելնելով՝  կարող եմ փաստել, որ  խոսքային հմտությունները առավելապես զարգանում են երեխայի հետ հաճախակի շփման արդյունքում։ Երեխան, մտնելով հարց ու պատասխանի մեջ, սովորում է ընկալել դիմացինի խոսքը և շատ արագ է սկսում ներքին խոսքը  ճիշտ ձևակերպել և ճիշտ մատուցել մեծահասակին: Հետաքրքիրն այն է, որ մանկապարտեզում երեխաները խոսում են ավելի մտածված և կիրառում են առավել գրական բառեր ու երկխոսության ժամանակ ստացած որոշակի գիտլիքները փորձում մեն փոխանցել իրենց հարազատներին :Դիտարկելով ծնող երեխա երկխոսությությունները՝ հաճախ եմ նկատել,որ երեխան, օրվա մասին ծնողին պատմելով, փոխառյալ, գրական հայերենին ոչ բնորոշ բառերը փոխարինում է դրանց համարժեք տարբերակներով։ Օրինակ՝ բիբար չէ, մայրի՛կ,այլ պղպեղ:Նմանատիպ իրավիճակները հիմք են հանդիսանում ենթադրելու ,որ մանկապարտեզը երեխայի համար այն միջավայրն է, որտեղ բարենպաստ են երկխոսության պայմանները   երեխայի խոսքային հմտությունները ձևավորելու համար:

1.3 Իրավիճակային երկխոսությունը որպես կողմնորոշում

Երեխան, հաղորդակցվելով և համագործակցվելով դաստիարակող մեծահասակների հետ, այնուհետև՝ նաև հասակակիցների հետ, փորձում է արձագանքել դիմացինի հույզերին, կարծիքին, հետաքրքրություններին: Նա աստիճանաբար ձեռք է բերում  հասարակական փորձ, հասարակական հմտություններ և սովորում կողմնորոշվել սոցիալական տարբեր իրավիճակներում` դրսևորելով դրական վերաբերմունք միջավայրի հանդեպ: Սոցիալական զգացմունքները ( ամոթի, մեղավորության, օգտակարության, պատասխանատվության, հանդուրժողականության) օգնում են երեխային հասկանալու և հուզականորեն արձագանքելու դիմացինի արարքներին, օբյեկտիվ գնահատելու սեփական գործողությունները, սովորեցնում են տարբերակել մարդկանց սոցիալական կարգավիճակն ու վարքագիծը`նրանց հետ հաստատելով համապատասխան հարաբերություններ: Նմանատիպ իրավիճակային երկխոսությունները  երեխայի համար ունեն կողնորոշիչ նշանակություն ՝ինչպես վարվել կամ խոսել,որ դա դիմացինի կողմից ընկալվի առավելագույնս ճիշտ ու   նպատակահարմար: Այսպիսով, կարելի է ասել, որ սոցիալական զգացմունքները նպաստում են սոցիալականև խոսքային հմտությունների ձեռքբերմանը: Ըստ Ժ. Պիաժեի և Բ. Ինելդերի տվյալների ` սոցիալական զգացմունքների հիմքում ընկած է հուզական ապակենտրոնացմանը հաջորդող ինտելեկտի ապակենտրոնացումը: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ նախադպրոցականի խոսքայի զարգացման գործոնն է հույզերի ապակենտրոնացման կարողությունը, որը նպաստում է և՛ սոցիալական զգացմունքների, և՛ սոցիալական հմտությունների ձևավորմանը, որոնք էլ, իրենց հերթին, նպաստում են երեխայի սոցիալական զարգացմանը:  Իրավիճակային երխոսությունից բխող սոցիալական հմտությունների ձևավորման ընթացքը նախադպրոցական տարիքում ենթադրում է երեխայի կողմից սեփական գործողությունների վերահսկում և գնահատում, ինչը աստիճանաբար վերածվում է օբյեկտիվ ինքնագնահատման և ինքնաճանաչման կարողության: Սեփական գործողությունները ճիշտ գնահատելու ընդունակությունը նախադպրոցականը ձեռք է բերում հասակակիցների հետ հարաբերվելու և համագործակցելու ընթացքում: Նախադպրոցական տարիքի երեխան ընդունակ է սոցիալական փորձի ինքնուրույն յուրացմանն ու ինքնատիպ դրսևորումների: Սոցիալականացման ընթացքում նա յուրացնում է այն, ինչն իր համար արդիական է և նշանակալի տվյալ ժամանակահատվածում: Հետևաբար, ընդունելի չեն սոցիալականացման գործընթացի ուղղորդման պատրաստի «սցենարները»:Դրանք պետք է բխեն իրավիճակից,սակայն հմտորոն ուղղորդվեն  մեր՝   մանկավարժների կողմից:

ԳԼՈՒԽ 2․ ԴԵՐԱԽԱՂԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ և ԽՈՍՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ 

2.1 Խաղդերախաղը`  որպես համադրական գործունեություն

Խաղը մարդկային գործունեության անենահետաքրքիր ձևերից մեկն է: Այն ձևավորվում  է  մանկության շրջանում և ուղեկցում մարդուն ողջ կյանքի ընթացքում:  Խաղի հիմնախնդիրը մշտապես հետաքրքրել է ոչ միայն հոգեբաններին և մանկավարժներին, այլև փիլիսոփաներին, հասարակագետներին, ազգագրագետներին, կենսաբաններին, հոգեթերապևտներին և այլն:  Քննարկելով խաղային գործունեությունը տարբեր տեսանկյուններից՝ գիտնականները միահամուռ նշում են, որ խաղը մշակութային համակարգի ուրույն և անբաժանելի մասն է:   Խ.Աբովյանը հորդորում էր մանկավարժներին «Չզրկել երեխային անմեղ խաղերից»: Իր «Պարապ վախտի խաղալիք» աշխատության մեջ նա կարևորում է երեխաներին ուրախություն և հաճույք պատճառելու գործում հետաքրքիր զրույցների և մանկան խաղերի դերը: Հ.Թումանյանը, հավաքելով և մշակելով ժողովրդական բանահյուսության հոգևոր գանձերը,  մշակել է երեխաների համար հայրենագիտական խաղեր և վերլուծել  դրանց մանկավարժական արժեքը երեխայի միտքը և բարոյականությունը զարգացնելու գործընթացում:   Համաձայն նախադպրոցական դաստիարակության հայեցակարգի՝  խաղն իրենից ներկայացնում է ինքնարժեք գործունեություն, որը շնորհում է նախադպրոցահասակ երեխային ներքին ազատության և ինքնուրույնության զգացողություն, ցանկալին իրողություն դարձնելու վստահություն, իրականության՝ իր տեսանկյունից նշանակալի կողմերը կրկին վերապրելու, հաճույք և բավարարվածություն զգալու լայն հնարավորություններ: Խաղային գործունեության ընթացքում երեխայի համար ստեղծվում են լավագույն պայմաններ (ազատ և բնական միջավայր, հուզական ներդաշնակություն, հավասարության մթնոլորտ) հասակակիցների միջավայրում «այստեղ և անհապաղ» ինքնահաստատվելու համար: «Այստեղ և անհապաղ» ինքնահաստատվելու հնարավորությունը երեխայի խաղային գործունեության հիմնական դրդապատճառն է, հետևաբար երեխաների խաղային գործունեության կազմակերպան և կառուցման գլխավոր սկզբունքը: Խաղացող յուրաքանչյուր  երեխա առաջին հերթին ջանում է ինքնահաստատվել հասակակիցների միջավայրում, և խաղի առավելությունը, մանկան գործունեության այլ ձևերի համեմատությամբ, այն է, որ խաղում կան ինքնահաստատվելու բոլոր հնարավորությունները: Խաղային գործունեության նշված բնութագիրը խոսում է այն մասին, որ այն իրենից ներկայացնում է ներքին պահանջմունքներով պայմանավորված գործունեություն, որն ունի յուրաքանչյուր երեխայի համար սուբյեկտիվ՝ ներանձնային նշանակություն և արժեք: Խաղն, իսկապես, ինքնարժեք գործունեություն է և բացարձակ անփոխարինելի է նախադպրոցականի կյանքում: Որևէ այլ գործունեություն չունի խաղային գործունեության նշված առավելությունները: Այսպիսով, խաղային գործունեությունը նախադպրոցականի անձնավորության կայացման ներքին գործոն է, որը չի կարող ամբողջապես բացատրվել և ընդհանրացվել. այն բավական սուբյեկտիվ է: Միևնույն ժամանակ, խաղային գործունեությանը բնորոշ է օբյեկտիվ մանկավարժական նշանակություն: Խաղն ուղղված է նախադպրոցական տարիքի երեխաների ընդհանուր զարգացմանը, օրինաչափորեն նպաստում է նրանց հոգեկանի զարգացմանը, հուզազգացմունքային ոլորտի հարստացմանը, հասակակիցների հետ փոխհարաբերությունների հաստատմանը, սոցիալական սեփական փորձի ձեռքբերմանը: Խաղը նախադպրոցականի զարգացման և դաստիարակության արդյունավետ միջոց է և նրա հետագա զարգացման հիմնական գրավականը: Միավորելով խաղային գործունեության սուբյեկտիվ արժեքը և զարգացնող օբյեկտիվ նշանակությունը՝ կարելի է եզրակացնել, որ խաղը նախադպրոցական տարիքի երեխաների կյանքի և գործունեության կազմակերպման ամենանահարմար ձևն է:
Երեխաների խաղերը բազմազան են իրենց բովանդակությամբ, ինքնուրույնության աստիճանով, իրականության արտացոլման եղանակներով, կազմակերպման ձևերով, մանկավարժական արժեքով և այլ գործոններով: Գիտամանկավարժական գրականությանը հայտնի են խաղերի դասակարգման տարբեր եղանակներ և մոտեցումներ: Օրինակ, Ֆ.Ֆրյոբելը կարևորում է խաղի մանկավարժական նշանակությունը, և խաղերը տարբերակում է իրենց մանկավարժական ուղղվածությամբ: Այսպես, նա առանձնացնում է մտավոր խաղեր, սենսոր խաղեր, շարժախաղեր և այլն:
Կ.Գրոսը խաղը համարում է վարժանք, և այսպես կոչված խաղ-վարժությունները բաժանում է երկու խմբի՝ խաղ- վարժություններ՝ երեխայի կամային ուժերը զարգացնող, և հիմնական բնազդները կատարելագործող խաղեր:Հետաքրքիր է Պ.Ֆ.Լեսգաֆտի խաղերի դասակարգման մոտեցումը: Նա խաղը համարում է արտաքին աշխարհի տպավորությունների արտացոլման և իմաստավորման միջոց և գտնում, որ գոյություն ունի արտաքին աշխարհի արտացոլման և իմաստավորման երկու եղանակ: Առաջին եղանակը՝ իմիտացիան է, կրկնօրինակող (իմիտացիոն) բնույթի խաղերը, որոնք ինքնուրույն են և գրեթե չեն սահմանափակում երեխայի գործունեությունը, մյուս եղանակը  շարժումն է, հատուկ կազմակերպվող շարժախաղերը, որոնք ունեն ամրագրված կանոններ, այսինքն՝ սահմանափակումներ: Վերջին տարիներին խաղերի դասակարգման հետաքրքիր տարբերակ է առաջարկել ռուս մանկավարժ Ս.Լ.Նովոսյոլովան, որի հիմքում ընկած է խաղային գործունեության նախաձեռնությունը: Հեղինակն առանձնացնում է խաղերի երեք խումբ.

  1. խաղեր, որոնց նախաձեռնողը երեխաներն են` դրանք ինքնուրույն և ստեղծագործական բնույթի խաղեր են: Օրինակ, սյուժետադերային խաղերը, խաղ-թատերացումները, խաղ-փորձարկումները
  2. խաղեր, որոնց նախաձեռնողը մեծահասակներն են` դրանք ունեն ընդգծված մանկավարժական ուղղվածություն: Օրինակ, ուսուցանող և ինտելեկտուալ խաղերը, շարժախաղերը, խաղ-զվարճանքները
  3. ժողովրդական խաղեր, որոնք ավանդաբար փոխանցվում են սերնդեսերունդ:

Ժամանակակից նախադպրոցական մանկավարժությունն ընդունելի է համարում Ս.Ա.Կոզլովայի և Տ.Ա.Կուլիկովայի կողմից առաջարկված խաղերի դասակարգման եղանակը, որի հիմքում ընկած է խորհրդային մանկավարժության մոտեցումը: Խաղային գործունեությունն իր բնույթով լինում է ստեղծագործական և նպատակաուղղված զարգացնող կամ կանոնով: Առաջին խմբին դասվում են.

  • սյուժետա-դերային խաղերը
  • խաղ-թատերացումներ
  • կառուցողական խաղերը
  • ռեժիսորական խաղերը և խաղ-երևակայությունները:

Հաղորդակցության,  երկխոսության կարողությունների ձևավորման կարևոր գործոններից են խաղերը և հատկապես դերերով խաղերը, որոնք նպաստում են երեխաների ուսումնառության դրդապատճառների, ինչպես նաև ուսումնասիրվող լեզվի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը:

 2.2 Դերախաղը՝  որպես անհատի ձևավորում: Խաղ և երևակայություն

Այժմ անրադարձ կատարենք խաղ-դերախաղերին և կիրառենք՝  որպես երկխոսության համադրման միջոց: Զրույց-երկխոսության կիրառումը դերախաղի ժամանակ արդյունավետ է, երբ այն ընկալվում է որպես ոչ միայն խաղ, այլև զրույց խաղի ձևով: Դերային մեթոդը նոր հնարավորություններ է ընձեռում երեխաների գործունեության կազմակերպման համար: Դերային խաղը յուրահատուկ մեթոդական հնար է, որի կիրառման ժամանակ սովորողը տրված իրադրությունում կարողանում է ազատ խոսել և հանդես գալ այլ անձի դերում: Դ. Բ. Էլկոնինն այս ասպարեզում կարևորում է չորս գործոններ. խաղը որպես զարգացման միջոց է ծառայում մտավոր գործողությունների, ճանաչողության, դրդապատճառների և անկաշկանդ վարքի դրսևորման համար: Խաղի միջոցով հատկապես երեխաները ստանձնում են հասարակական դերեր և յուրացնում վարքի կանոններ: Խաղը սովորեցնում է, փոխում, դաստիարակում : Խաղի կարևոր գործառույթներից մեկն էլ խնդրահարույց իրադրության լուծումն է: Դա նպաստում է ասելիքի պատճառաբանվածության հիմնավորմանը: Խթանում է սովորողների հաղորդակցական ակտիվությունը, քննադատական և վերլուծական մտածողությունը, փաստարկելու, խոսակցին համոզելու կարողությունները: Դերային խաղերը` բարձրացնում են ուսման որակը և արդյունավետությունը,  խթանում են սովորողների հետաքրքրությունը, օժանդակում են սովորողներին հուշելով, թե տվյալ իրադրության մեջ ինչ խոսքային նմուշներ կարելի է գործածել այս կամ այն միտքն արտահայտելու համար, որոշակի հույզեր ու զգացումներ են արթնացնում, որոնք դրականորեն են ազդում ուսման որակի և արդյունավետության վրա: Օ.Վ. Կալիմուլինայի կողմից մշակվել են դերային խաղերի որոշակի կանոններ, ըստ որոնց` սովորողը պետք է կարողանա իրեն պատկերացնել այնպիսի իրադրություններում, ինչպիսիք հանդիպում են իրական կյանքում, տվյալ իրադրության մեջ հարմարվել իր դերին, ընդ որում՝ խաղալով իր կամ մեկ այլ անձի դեր :Այսպիսով, խաղի մասնակիցները պետք է իրենց դրսևորեն այնպես, ինչպես իրական կյանքում: Դերերը բաժանվում են հետևյալ տեսակների․

  1. բնական (որոնք բնութագրում են սեռը, տարիքը),
  2. վերագրված (ազգություն, պատկանելությունն այս կամ այն սոցիալական խմբին),
  3. ձեռքբերովի (մասնավորապես` մասնագիտությունը),
  4. ըստ գործողությունների (օրինակ` այց բժշկին. տվյալ պահին առաջարկել գործողությունների շարք):

Դերային խաղերի ժամանակ սովորողները, օգտագործելով յուրացված ռեպլիկները, արտահայտում են տարբեր զգացումներ՝ ուրախություն, տխրություն, հիացմունք: Այսպիսով, դերային խաղերը նպաստում են այնպիսի կարևոր մեթոդական խնդիրների լուծմանը, ինչպիսիք են.

  • սովորողների շփվելու պատրաստակամությունը
  • լեզվական նյութի բազմակի վերարտադրման բնական պահանջմունքը,
  • վարժանքի համար հաղորդակցական իրադրությունները և համապատասխան պայմանները

Ինչպես ցույց է տալիս դասավանդման փորձը, դերային խաղերի միջոցով սովորողները ձեռք են բերում նաև համագործակցային կարողություններ ու հմտություններ: Դերային խաղերը կարող են մշակվել և ներկայացվել նաև աշակերտների կողմից, երբ նախօրոք տրված են կիրառվող բառապաշարը և խոսքային նմուշները: Նման առաջադրանքների նպատակն է  խթանել ու զարգացնել երեխաների՝ պարզ իրադրություններում կարճ՝ 2-3 նախադասությամբ տեղեկատվություն ստանալու և հաղորդելու, զրույցին մասնակցելու կարողությունները: Երբեմն  օգնելով երեխաներին երկխոսություններն անգիր անել և այնուհետև արտասանելը սխալ է,քանի-որ դա  դեռևս դերային խաղ չի կարող լինել: Այստեղ պակասում է երեխայի կողմից իմպրովիզացիայի հնարավորությունը, կողմնորոշումը, ինչպես նաև՝ երեխաների միջև փաստացի փոխներգործությունը: Դերային խաղը երեխաներին ստիպում է մտնել երևակայական իրադրության մեջ և խաղալ իրենց կամ ուրիշների  դերերը: Երբեմն դաստիարակը տալիս է մանրամասն հրահանգներ: Հաճախ էլ հնարավորություն է ընձեռվում ըստ ցանկության ընտրել դերը: Դերային խաղերին բնորոշ են.

  1. հաղորդակցությունը (շփում, համագործակցություն),
  2. հուզականությունը (դերային խաղերը նաև զվարճացնում են երեխաներին),
  3. սոցիալական համագործակցությունը (նպաստում են անձի սոցիալացմանը, նրան ընդգրկում հասարակական հարաբերությունների մեջ),
  4. ուսումնական գործընթացը ենթարկվում է խաղի կանոններին,
  5. ուսումնական նյութը դիտվում է որպես խաղի միջոց,
  6. խաղի կանոնները կարող են մշակվել նաև աշխատանքային խմբերում,
  7. փոխներգործությունը (ընկերներին, ծնողներին դերային խաղի իրենց տարբերակը ներկայացնելուց հետո երեխաները նրանցից ստանում են հետադարձ կապ, տեղեկություն, գնահատական իրենց արածի մասին) ։

Դերային խաղը պահանջում է մանրակրկիտ պլանավորում, որն ընդգրկում է հետևյալ անհրաժեշտ փուլերը.(միօրինակությունից խույս տալու նպատակով անհրաժեշտ է երբեմն դերային փոխանակումներ կատարել, այսինքն` դերակատարները դառնան դիտորդներ և ընդհակառակը) .
1․  համատեքստի, դերերի, առաջադրանքի պարզաբանում,բացատրություն․

  • լեզվական նյութի նախնական իրականացում
  • կարճ ցուցադրում
  • նույն դերն ունեցողների միասնական նախապատրաստում
  • իրականացման վերլուծություն — ինքնագնահատում — դիտողություններ սովորողներին
  • գործունեության գնահատում սովորողների կողմից
  • առաջադրանքներ երկխոսություններից/խաղից հետո
  • նոր տեքստերի ստեղծում
  • աշխատանք լեզվական սխալների շուրջ

2․ դերերի իրականացում զույգերով/խմբերով` ուսուցչի նվազագույն միջամտությամբ․

  • իրականացման շարունակություն
  • լրացուցիչ աշխատանք նրանց համար, ովքեր շուտ են ավարտել
  • ներկայացում հանդիսատեսի համար։

Դերային խաղերին տրամադրված հիմնական ժամանակը պետք է հատկացնել բուն առաջադրանքի կատարմանը և հետագայում դրա վերլուծությանը: Վերլուծություն կատարում է դաստիարակը երեխաների հետ միասին: Դրան պետք է հատկացնել բավականին ժամանակ և անդրադառնալ հետևյալ հարցերին.

  • Ի ՞նչ տպավորություն ունեն իրենց և մյուսների դերակատարումների վերաբերյալ:
  • Դերը հե՞շտ էր, թե՞ դժվար (լավ ,վատ, օգտակար , անօգտակար, հետաքըրքիր/ անհետաքրքիր և այլն ):
  • Որքանո՞վ էր գործունեությունը համապատասխանում յուրացված նյութին և կիրառելի՞ է արդյոք  այլ համատեքստում:
  • Ինչպիսի՞ն էր դաստիարակի միջամտությունը (ե՞րբ, ինչու՞, ինչպե՞ս)

2.3 Դերախաղը՝  որպես միջանձնային հարաբերությունների ձևավորման միջոց

Ուսումնասիրելով վերոնշյալը`նկատեցինք ,որ դերախաղի ժամանակ երեխան դառնում է նախաձեռնող, ակտիվ: Թատրոն-դերախաղերը երեխայի մոտ զարգացնում են գեղարվեստական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը: Դերախաղը ձևավորում է հաղորդակցվելու, ուշադրությունը կենտրոնացնելու կարողություններ, զարգացած մտածողություն, արագ կողմնորշվելու, ճիշտ լուծումներ գտնելու կարողություն, ուրիշներին օգնելու պարտականություն: Երեխային պարտադրաբար ընդգրկել դերախաղի մեջ անիմաստ է: Նա պետք է կամովին ընդգրկվի բեմականացման մեջ: Դերախաղի գործունեության հիմքը ազատ ընտրության զգացումն է: Այսպիսով, թատրոն-դերախաղն ինտեգրված գործունեության  կարևոր  տեսակ է: Օգտագործելով խոսքը՝ երեխան շփման մեջ է մտնում, համագործակցում է մյուսների հետ: Այս առօրյայի ռոբոտացված կենսակերպը, պարբերաբար երեխայի նկատմամբ անտարբերությունը վատ է ազդում երեխայի հոգեկան վիճակի վրա.  նա  դառնում է ագրեսիվ, նյարդային, ամաչկոտ, տրամադրության անկումներով: Սա արդեն ազդում է երեխաների միջանձնային հարաբերությունների վրա: Միջանձնային հարաբերությունները ստեղծվում են իրավիճակների դեպքում, խաղի ժամանակ: Երբ երեխան խաղալիք է ուզում ընկերոջից, կամ ուզում է որևէ բան խնդրել մեծահասակից,պետք է խոսի նրա հետ, հարցնի,  մտերմանա :  Դերային խաղի միջոցով ստեղծվում է կապ, միջանձնային հարաբերություն երեխաների միջև: Այս կապը դրական է ազդում երեխայի զարգացման գործում.երեխան ազատվում է բարդույթներից, մեկուսանալու  ցանկությունից, ձեռք է բերում ինքնավստահություն: Յուրաքանչյուր ներկայացում խաղալիս՝ երեխան սիրում է իր շուրջն ունենալ դեկորացիաներ, տիկնիկներ և այլն: Երբ մենք տալիս ենք երեխաներին ինքնուրույն գործելու հնարավորություն ,  նա իր հավաքածուից գտնում է այն, ինչն իրեն կօգնի մտնել դերի մեջ: Թատերական խաղեր խաղալիս երեխաներն իրենք են ստեղծում դեկորատիվ պայմաններ (մենք մեծահասակներով կարող ենք հիշել մեր մանկությունից նմանատիպ դրվագներ):  Դեկորացիաներ պատրաստելու  համար կարող են ծառայել հին անկողնու պարագաներ, հեռուստացույց, կեղծամներ, գլխարկներ և այլն: Այսպիսով, երեխան իր համար ստեղծում է ներկայացման, դերախաղի պայմաններ, սկսում շփվել երևակայական կերպարների հետ։ Նման խաղից հետո շփումը այլ երեխաների հետ շատ անմիջական է լինում։ Շատ հաճախ երեխաների մոտ,  ինչպես որ մեծահասակների մոտ, ինքնադրսևորումը դերախաղի միջոցով լինում է առավել դյուրին : Երեխան իր կյանքի ոչ մի փուլում չի սովորի այդքան շատ, ինչքան խաղային գուրծունեության ընթացքում: 1,5 տարեկանից փոքրիկը ընդօրինակում է այն, ինչ անում են մեծերը․ մայրը լվանում է ափսեները, պապիկը կարդում է, հայրիկը մեքենա է վարում։ Իհարկե, ոչ բոլոր երեխաներն են կարողանում կռահել ու խաղալ դերային խաղ:

2.4 Խաղից թատրոն` մեկ քայլով

Խաղն ուղեկցում է երեխային ողջ մանկության ընթացքում: Մանկական թատերականացված խաղերը երեխայի կյանքի անբաժանելի մասն են կազմում: Դրանց սյուժետային կառուցվածքի մեջ յուրաքանչյուր  «կերպար» ունի իր անելիքը: «Թատերական»  խաղերը զարգացնում են երեխայի խոսքը, գեղարվեստական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը և նպաստում նրա ինքնակազմակերպմանը, ինքնադրսևորմանն ու ինքնարտահայտմանը: Թատերական արվեստն ինքնին միջառարկայական կապերի, երեխաների բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման նպատակի գործնական իրականացման առումով ընձեռում է լայն հնարավորություն: Ի վերջո, թատրոնը համադրական արվեստ է.

  1. Այն ձևավորում է և՛ երգելու, և՛ասմունքելու, և՛ պարելու, և՛ հորինելու, և՛ նմանակելու հմտություններ, մշակում խոսքի կուլտուրա, տեխնիկական միջոցներ օգտագործելու կարողություն: Հաճախ վերացնում է նաև արտասանական կամ այլ բնույթի թերություններ ՝ ազատ, սահուն, արտահայտիչ խոսքը:
  2. Դերակատարումը նպաստում է երեխաների ինքնաբացահայտմանը և ձևավորում համերաշխ կոլեկտիվ: Թատրոնը և՛ երեխաների, և՛ նրանց ծնողների համարվերածվում է այնպիսի մի հաճելի վայրի, ուր փոխադարձ հաղորդակցումն ստանում է առանձնակի հրապույր ու վառ տոնականություն: Յուրաքանչյուր երեխա (անգամ մելանխոլիկը) իրեն զգում է իբրև կարևոր և գնահատված անձ, որն ուշադրության կենտրոնում է: Այսօրվա երեխաները շատ լավ են տիրապետում բեմին: Իսկ դա նշանակում է, որ նրանք
    •  կարողանում են բեմում պահել իրենց,
    • լսել ու արձագանքել միմյանց,
    • կերպարանափոխվել և նոր կերպարներ ստեղծել,
    • դառնում են նախաձեռնող և սոցիալապես առավել ակտիվ:

Թատրոնը երեխայի կյանքին միախառնված մեծ խաղ է: Թատրոնի՝ բեմում ներկայացվող հեքիաթն ավելի մոտ է, հասանելի և մատչելի, քան կարդացած գիրքը:  Բանն այն է, որ թատրոնը փոքրիկ հանդիսատեսին առաջարկում է լսողական և տեսողական պատկերներ: Ազդեցության առումով այն չունի իր հավասարը: Թատրոնի կոլեկտիվն օժտված է երիտասարդական հիանալի եռանդով, լավատեսությամբ,աներեր հավատով` սեփական ուժերի և անսահման հնարավորությունների նկատմամբ: Թատրոնը միակն է, որ պահպանում և մշակում է ժողովրդական իմաստնությունը` առանց ազգային պատկանելության: Իր միջնորդավորված ձևի մեջ՝ այն մեզ նորից ու նորից սովորեցնում է լինել ազնիվ ու բարի, նպատակասլաց և աշխատասեր, կարողունակ` իրապես գնահատելու և սիրելու բառի հարստությունը, ճանաչելու դրա բոլոր գույներն ու երանգները, հասկանալու հեղինակի ստեղծագործական ուրախությունը և հպարտության զգացումը:  Դերաբաժանումը կարևոր սոցիալական նշանակություն ունի. այն սովորաբար ինքնաբերաբար է կատարվում (ի տարբերություն ներկայացմանը պատրաստվելուն): Այդ ընթացքում երեխան գնահատում և յուրացնում է հասարակության մեջ ընդունված սոցիալական դերերն ու հարաբերությունները, վերարտադրում դրանք: Առաջին հայացքից թվում է, թե նա ընդամենը պասիվ ընդօրինակող է: Իրականում, նա նոր տարրեր է ներմուծում, այլ կերպ է մեկնաբանում իրավիճակն ու հարաբերությունները, նոր երանգ է ներմուծում սովորական առօրյան վերարտադրող իրավիճակի մեջ` ելնելով իր կենսափորձից և աշխարհընկալումից: Նրա համար այդ խաղը ոչ թե նմանակում է, այլ կյանքի պահ. այդ պահին նա այդ կյանքով է ապրում:
Հիշենք այն փաստը, որ մեզնից յուրաքանչյուրն իր մանկության տարիներին  ուներ իր տիկնիկների թատրոնը: Այն չուներ վարագույր և ետնաբեմ, դեկորացիա, հատուկ պատրաստված տիկնիկներ, լուսավորող սարքավորումներ: Յուրաքանչյուր, նույնիսկ ամենաժամանակակից թատրոնը նախատեսում է նվազագույն դեկորացիաներ: Սակայն բնակարանն ու խմբասենյակը դեռևս թատրոն չեն, և այնտեղ դժվար թե գտնվի այնպիսի առանձին տարածք, որը միաժամանակ հնարավորություն ընձեռի պահել դեկորացիաները. չէ՞ որ երեխաները չեն բավարարվում մեկ ներկայացմամբ: Զարգացնող միջավայրը սկզբնաղբյուր է, որտեղ ձևավորվում է թատերական խաղը: Այն պետք է լինի անվնաս, մաքուր, գրավիչ և հնարավորինս բազմազան: Միաժամանակ երեխաներին ընձեռելու է բոլոր այն պայմաններն ու համապատասխան տարածությունը, որոնք հնարավորություն կտան պատկերացնել, հորինել, ստեղծագործել: Ոչ միայն մանկապարտեզում, այլև յուրաքանչյուր ընտանիքում ցանկալի է ունենալ այսպես կոչված <<կախարդական արկղիկ>>, որի մեջ պահվեն երեխայի թատերական գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ զանազան հագուստներ ու պարագաներ: Նա ամեն պահի կարող է վերցնել իրեն անհրաժեշտ առարկան, որը կարճ ժամանակում կվերածվի կոստյումի կամ զարդի: Դրանք կարող են լինել փայտիկներ, որոնք դառնում են փերիի կախարդանքն իրականացնող գործիք, թագավորական գավազան, անվախ ասպետի զենք և դիրիժորական փայտիկ: Առանձնահատուկ գույնով, ձևով և նախշերով կտորները երեխայի կամ մանկական երևակայության շնորհիվ վերածվում են փողկապի, վզպատի (շարֆ)  տարբեր գլխարկների` հրշեջի, ոստիկանի,  գլխարկի  և այլն: Ամեն ինչ կարող է դառնալ կերպար, խաղի առարկա, տիկնիկ, օրինակ` ակնոցը, ավելը, գրիչը, փուչիկը, մրգերը, բանջարեղենը և այլն: Այդ ամենին հարկավոր է ավելացնել մի փոքր երևակայություն, մի քիչ աշխատանք, ու կարող է ստացվել զարմանալի խաղ-ներկայացում: Ակնոցը կկենդանանա, եթե դրա վրա աչք-ունք նկարես,ավելը չարաճճի աղջիկ կդառնա, եթե նրա «մազերին» ժապավեն կապես… Ինչ վերաբերում է վարագույրին, ապա այն ամաչկոտ ու անհամարձակ երեխաների համար իսկական փրկություն է. թաքցնում է իրենց հետևող հետաքրքրասեր աչքերից, և նրանք ավելի համարձակ ու նախաձեռնող են դառնում` հաղթահարելով բարդույթները: Այդպիսի երեխան, թաքնվելով շիրմայի հետևում, դիմակավորվելով և չվախենալով բացահայտվել, բուժիչ ինքնախոստովանության բացառիկ հնարավորություն է ստանում: Նման խաղային իրավիճակները երեխաներին մղում են խնդրի ճիշտ լուծման որոնումների: Այս նպատակով խաղային կերպարները նրանց դիմում են հարցերով, մտնում վեճի մեջ, նրանց խորհուրդների ճշմարտացիության վերաբերյալ կասկածներ հայտնում, խնդրում ցույց տալ, թե ինչպիսի՞ գործողություններ են ձեռնարկելու, ի՞նչ բառեր են ասելու, որպեսզի լուծեն խնդիրը: Արդեն ունեցած պատկերացումները երեխաներին կօգնեն ճիշտ լուծել նոր խնդիրը: Երեխաների կողմից վերապրված հույզերը, իրական խաղային և պայմանական իրավիճակները, որոնք առաջանում են դաստիարակի նախաձեռնությամբ կամ տարերայնորեն, հարստացնում են նախադպրոցականների հուզաշխարհը, բացում նոր հնարավորություններ ինքնարտահայտման և համագործակցության համար:

ԳԼՈՒԽ 3․  ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍ

Այս ամենը ուսումնասիրելով՝ գործնական մասը կազմելիս  հիմքում ունեցել ենք  անձնական փորձը, հիշողությունները՝ հաշվի առնելով  արտակարգ դրության պայմաններում մանկապարտեզի սաների հետ  անհատական շփման որոշ խոչընդոտներ:  Բացի դրանից,  կկատարեմ դիտարկումներ իմ երեխաների խաղային գործունեությունը դիտարկելու մեթոդով․ կուսումնասիրեմ նրանց երկխոսությունները, կփորձեմ գտնել եզրեր սոցիալականացման հետ, երկխոսության առանձնահատկությունները կկիռարեմ նաև երեխա-մեծահասակ կոնտեքստում :

3.1 Ես եմ՝ իմ ստեղծած թատրոնը

99269475_578241462804311_5064291110893912064_n
Այլ կերպ ասած՝ «Ես եմ` իմ ստեղծած թատրոնը» նույն սյուժետադերային խաղն է: Ես դիտարկել եմ 3 տարեկան երեխայի խաղը ,երբ նրան տրամադրել եմ  պարագաներ ,որի հիման վրա երեխան ինքնուրույն որոշել է իր համար սցենար ու սկսել  է խաղալ : Խաղը ուղեկցել եմ զրույցով: Ընթացում տվել եմ երեխային հարցեր,որոնք ուղղորդող բնույթի են եղել .
«Դու շինարար ե՞ս, թե ոստիկան, ո՞ր ճանապարհին ես հետևում »,  «Ի՞նչ հիվանդների ես որոշել բուժել» և այն :

 

99355497_875596882944355_740428121034981376_n

Բազմիցս դիտարկել եմ թե՛ մանկապարտեզում, թե՛ տանը՝  ինչպես է երեխան ստեղծում իր համար հարմարավետ պայմաններ՝ դեկորացիա ՝ դասավորելով խաղալիքները իրեն հարմար կերպով:Փորձը ցույց է տալիս , որ երեխան շատ արագ է կարողանում մտնել կերպարի մեջ: Բավական է նրան հագցնել ոստիկանի հագուստ, նա արդեն կարող է ժամեր շարունակ ստեղծել իրավիճակներ և խաղալ : Երեխաները հրաշալի կերպով են ընդօրինակում մուլտֆիլմերում կամ առօրյա կյանքում իրենց տեսած կերպարներն ու իրավիճակները՝ դարձնելով դա թատրոն :

Երեխան հատկապես սիրում է այդ ամենը անել , երբ նկատում է, որ իրեն նայում են կողքից : Շատ հաճախ եմ առնչվել երեխաների հետ, ովքեր առօրայում կաշկանդված են, սակայն բավական է նրանց տալ, օրինակ, արջի կերպար,նա սկսում է իրեն դրսևորել այլ կերպ ,շատ անգամներ նույնիսկ այնքան է տարվում իր կերպարով ,որ մոռանում է, որ իրեն նայում են :

3.2 Վերնագրային կաղապար

Ես իմ գործունեության ընթացքում բազմիցս առնչվել եմ, ինչպես նաև ինքս եմ կազմակերպել նմանատիպ դերախաղեր:Այսինքն, երեխային տվել եմ հստակ կերպար ու հստակ երխոսություններ,որոնք, անկախ իր տված ընթացքից, կիրառել է։
Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաբարդ երկխոսությունները երեխաները կարողանում են ներառել խաղի մեջ: Երեխաները, ըստ վերնագրի, հստակ կողմնորոշվում են, թե ինչպես վերարտադրեն հեքիաթը:

59705042_2597531140321468_2950250934413819904_o

Տվյալ լուսանկարում բեմականացված է «Պապ ու շաղգամը » հեքիաթը :Սակայն այնտեղ մենք ներդրել ենք մերը՝ մի փոքր հումորային կերպարներ ու երկխոսություն հավելելով :
Օրինակ`պապիկի չէր կարողանում կռանալ,քանի որ վաղուց մարզանք չէր արել:Իսկ թոռնիկի ատամը ցավում էր,քանի որ չէր մաքրել ատամները քնելուց առաջ և շատ քաղցր էր կերել: Նպատակն այն էր,որ երեխաները հասկանան առողջ ապրելակերպի կարևորությունը :

13502943_1077885705619360_8183179407684332986_o
Իսկ «Գիտունիկն ու Անգետիկը» հեքիաթը բազմաթիվ երկխոսությունների  հնարավորություն է տալիս ու շատ հաջողված է :  Ինչպես,  օրինակ՝Անգետիկի անվերջ չարաճճի հարցերը և Գիտունիկի իմաստուն պատասխանները :Դա երեխաների հիշողության մեջ տպավորվում է ու և’ կրթում է ,և’ դաստիարակում :

 

 

 

48428892_2331151253626126_52999707454078976_o

Եթե դերը երեխայի համար հոգեհարզատ է ,ապա նա այն կկատարի շատ լավ ու մեծ ոգևորությամբ : Ամեն աղջիկ երեխա ուրախ է ,երբ իրեն են տալիս արքայադստրիկի կերպարը ու ինչպես երևում է նկարում ՝  երեխան դերի միջոցով հաստատ ձեռք կբերի սոցիալական հմտություններ :Կդառնա առավել վստահ,ազատ ու անկաշկանդ :

 

49206211_2331183336956251_8374024623230025728_o

 

 

Անգամ դերը կատարելուց հետո երեխան երկար ժամանակ իրեն զգում է այդ դերի մեջ ,եթե այն իրեն հոգեհարազատ է : Մանկավարժը արդեն կարողանում է ըստ երեխայի էմոցիայի հասկանալ ՝սիրեց այդ դերը,թե ոչ:

Հեռավար կրթության ժամանակ,  երբ երեխաներին հեքիաթը պատմում էի օնլայն տեսազանգով, առավել պատկերավոր լինելու համար ցուցադրում էի տիկնիկային թատրոն՝ ձեռքիս վրա հագցնելով համապատասխան հերոսներ։Երեխաներին այդ տիկնիկային ներկայացումներով պատմումը այնքան էր դուր եկել,որ   աշխատանքի ժամանակ արդեն որոշեցի բեմադրել փոքրիկ տիկնիկային ներկայացում՝ «Երեք խոզուկները»։Մանկապարտեզում առավել հարմար էր երեխաների համար ցուցադրել տիկնիկային թատրոնը,քանի որ հեռավար ուսուցման ժամանակ այքան էլ հարմար չէր ապահովել բոլոր անհրաժեշտ դեկորատիվ մանրամասները։Իսկ մանկապարտեզում և՛ տեսարանն էր հնարավոր ստանալ, և՛ երեխայի համար առավել հասանելի էր՝  ինքը մոտենա,շոշափի և տեսնի,  թե ինչպես է տիկնիկը շարժվում իմ ձեռքին հագած հարմարանքի շնորհիվ։Դա ևս մեկ հետաքրքիր հանգամանք է, որ երեխայի ուշադրությունը գրավում է։Նշեմ,որ մանկապարտեզում ցուցադրած տիկնիկային թատրոնը  անցկացրել եմ հետևյալ կերպ․ ամեն խոզուկի համար նախապես ընտրել էի երաժշտություն,որպեսզի այդկերպ երեխաների լսողությունը զարգացնեմ,ռիթմի զգացողությունը զարգացնեմ և նրանք երաժշտությունը,  արդեն իսկ լսելով,  պատկերացում կազմեն,  թե որ խոզուկի մասին է խոսքը։Գայլի համար նույնպես երաժշտություն էր հնչում,երբ նա իր խոսքն էր ասում։Իսկ մնացած ամբողջ ներկայացման ընթացքում ձայնային էֆեկտները ապահոված էին։Իսկ ցուցադրված տեսանյութում   ծնողի հետ աշխատանք եմ տարել և բացատրել, թե ինչպես կատարեն ամրապնդումը տանը,այսինքն իմ պատմած հեքիաթը իրենք իրենց տարբերակով,  ինչպես որ իրենց  ավելի հարմար է։ Այդ կերպ երեխան արդեն կկարողանա հետագայում ինքնուրույն վերապատմել հեքիաթը։Քանի որ աշխատում եմ մսուրային խմբի հետ,  այսինք՝  վաղ տարիքի,երեխաների խոսքը դեռ այնքան էլ զարգացած չէ,  և ոչ բոլոր երեխաներն են կարողանում վերարտադրել հեքիաթը։Հիմնականում վերարտադրում են հարցերի միջոցով։

 

 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այս ուսումնասիրությունը կատարելիս հանգեցինք հետևյալին․

  • Երկխոսությունը լեզվի հաղորդակցման ֆունկցիայի վառ դրսևորում է: Հիմնական առանձնահատկությունը խոսքը շարունակելն ու ընդհատելն է, լսելը, արտահայտվելը: Կարևոր է այն, որ զրուցակիցներն իմանան ինչի մասին է խոսքը, շփվեն և միմիկայի և ժեստի և ինտոնացիայի միջոցով:
  • Երկոսությունը պետք է լինի երեխային հասանելի, հետաքրքիր, օգտակար, թեմատիկան որոշվի դաստիարակության խնդիրներով:
  • Ավագ նախադպրոցական տարիքում դիալոգ խոսքի զարգացման համար մեծ նշանակություն ունի համատեղ գործունեությունը, որտեղ առաջ են գալիս քննարկման, համաձայնության գալու, գնահատման խնդիրներ: Կարևոր է երեխայի ակտիվությունն ու նախաձեռնությունը: Խաղը, զրույց քննարկումները, հատուկ կազմակերպված խոսքայի իրավիճակները՝   դերախաղեր,խաղերը նպաստում են երկխոսության զարգացմանը և կարևոր չէ,  թե ինչ իրավիճակում է կազմակերպվել երկխոսությունը․ թե՛ դերային խաղերի, թե՛ առօրյայի գործունեության ընթացքում կարևոր է դաստիարակի ուղղորդող դերը :
  • Խաղը երեխայի կյանքի զարգացման գործոնն է:  Դաստիարակը պետք է հաշվի առնի երեխաների տարիքային, անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները, զարգացման մակարդակը, պահանջմունքները:
  • Նախադպրոցական տարիքի երեխայի կյանքում կարևոր տեղ է գրավում դերախաղը: Այն կազմակերպելիս պետք է հաշվի առնել,  որ  լինի զվարճալի և ուսանելի, սահմանափակումներ չպետք է լինեն, որպեսզի երեխան չձանձրանա:
  •  Դերային խաղերի կիրառությունը զարգացնում է երեխաների միջև միջանձնային հարաբերություններ: Ակտիվորեն զարգանում է երեխայի ստեղծականությունը և երևակայությունը:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. «Դպիր» -«Մխ․ Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական հանդես
  2. «Հրաշք մատիկները՝ ուսումնամեթոդական ձեռնարկ մանկավարժների և մանկապարտեզի դաստիարակների համար»,  Ս․  Վարդումյան, Եր.,  2007թ․
  3. «Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր» (նյութերի մեդիափաթեթ)  «Մխ․ Սեբաստացի» կրթահամալիր, «Տիգրան Հայրապետյան» գրադարան
  4. «Նախադպրոցական մանկավարժություն»,  Ա․ Ալեքսանդրյան, Եր.,  1992թ․
  5. «Նախադպրոցական մանկավարժություն»,  Ս.Ա. Մարույան, Ա.Մ. Դալլաքյան, Եր., 2008թ․
  6. «Նախաշավիղ» գիտամեթոդական հանդես,   Ի. Խանամիրյան
  7. «Պարտեզ», «Մխ․ Սեբաստացի» կրթահամալիր
  8. «Ստեղծագործական երևակայության քերականություն», Ջ․ Ռոդարի
  9.  «2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր»՝ «Հոդվածներ»   «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
  10. “Педагогика”, Бабанский Ю.К., M., 2003.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն